Համատեղ աշխատանք՝ հանուն արդար, արդյունավետ եւ մարդակենտրոն քրեակատարողական համակարգի զարգացման․ հանդիսավոր նիստ ու գիտաժողով նվիրված ՔԿԾ-ի 106 ամյակին

“«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են ՀՀ արդարդատոթյան նախարարության  քրեակատարողական ծառայության 106 ամյակի հանդիսությանն ու գիտաժողովին”

 

2025 թվականի հոկտեմբերի 19-ին կայացել է Քրեակատարողական ծառայողի օրվան եւ Քրեակատարողական ծառայության կազմավորման 106-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստը։

Նիստի ընթացքում մի շարք ծառայողներ արժանացել են բարձր պարգեւների՝ իրենց օրինակելի ծառայության, նվիրվածության եւ մասնագիտական հաջողությունների համար։ Պարգեւները հանձնել են արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը, Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը եւ Ծառայության գլխավոր քարտուղար Տիգրան Իգիթյանը։

Միջոցառմանը ներկա են եղել նաեւ Ազգային ժողովի պատգամավոր Տիգրան Պարսիլյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, արդարադատության նախարարության, գիտական համայնքի, միջազգային գործընկեր կառույցների ներկայացուցիչներ եւ այլ հյուրեր։

Հանդիսավոր արարողությունից հետո կայացել է «Քրեակատարողական համակարգ․ բարեփոխումներ եւ մարտահրավերներ» խորագրով գիտաժողովը, որը համախմբել էր ոլորտի ազգային եւ միջազգային փորձագետների, գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների, Ծառայության աշխատակիցների, դասախոսների եւ ուսանողների։ Նիստին ու գիտաժողովի աշխատանքներին մասնակցել են նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչները։

Բանախոսներն անդրադարձել են արդիական թեմաների՝ կապված քրեակատարողական համակարգի բարեփոխումների, միջազգային ստանդարտների ներդրման, քրեակատարողական հիմնարկներում վերասոցիալականացման գործընթացների, կրթության դերի եւ զարգացման հեռանկարների հետ։

Գիտաժողովն ավարտվել է համագործակցության նոր հորիզոնների քննարկմամբ եւ փոխադարձ պատրաստակամությամբ՝ շարունակելու համատեղ աշխատանքը՝ հանուն արդար, արդյունավետ եւ մարդակենտրոն քրեակատարողական համակարգի զարգացման։

 

Աղբյուր՝ քրեակատարողական ծառայության կայք




Թողնել մեկնաբանություն