“Պայմանավորված մասնակիցների մեծ թվով՝ ճամբարն այս տարի կազմակերպվեց 2 փուլով ”
Ջերմուկում ավարտվեց «Իմ քայլը» հիմնադրամի «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի 4-րդ փուլի 2-րդ խմբի մասնագիտական կողմնորոշման ճամբարը՝ ընդգրկելով պատերազմի մասնակցած եւ վիրավորում ստացած 35 տղամարդկանց Սյունիքի մարզից։ 5-օրյա աշխատարան-ճամբարում ընդգրկվել էր նաեւ «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի ծրագրի մասնակից Սարո Մարկոսյանը։
Ճամբարը վերաինտեգրման, ինքնազարգացման ու վերելքի նոր սկիզբ է, որի ժամանակ էլ մասնակիցները որոշում են կամ սկսել սեփական բիզնեսը, կամ հմտանալ որեւէ կոնկրետ մասնագիտությամբ: Դասընթացավարների, խորհրդատուների եւ անկախ փորձագետների հետ ուսումնասիրվեցին տարբեր թեմաներ՝ աշխատաշուկայում անձի մրցունակությունից մինչեւ ինքնաբացահայտում եւ ինքնագնահատում, աշխատանքային գործընթացի այլընտրանքների բացահայտումից մինչեւ գործատուին ներկայանալու հմտություններ։
Սարո Մարկոսյանի նպատակն է՝ իր բնակավայրում՝ Խոտում ունենալ իր սեփական ֆերման, որը զբաղվելու է ոչխարաբուծությամբ։
«Շատ բան սովորեցի, նախնական մշակեցինք բիզնես-գաղափարս։ Ասում են եթե հավատում ես ու վստահում ուժերիդ, ապա երազանքներդ միայն երազում չեն լինում։ Հավատում եմ, որ ամիսներ հետո երազանքս կյանքի կկոչվի»,-մեզ հետ իր խոհերը կիսեց Սարոն։
Նշենք՝ որ պայմանավորված մասնակիցների մեծ թվով (շուրջ 100 հոգի)` ճամբարն այս տարի կազմակերպվեց 2 փուլով` նոյեմբերի 1-6-ը եւ նոյեմբերի 7-12-ը:
Ավելացնենք, որ ճամբարականների ցանկությամբ նրանց հետ աշխատեցին նաեւ հոգեբաններ։
«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն շնորհակալություն է հայտնում «Իմ քայլը» հիմնադրամին՝ մեր առաջարկ-խնդրանքին ընդառաջելու համար, ինչպես նաեւ ՀՀ արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնին՝ համագործակցության համար։
Թողնել մեկնաբանություն