ՀՀ վարչապետի տիկինն ու արդարադատության նախարարն անձամբ են կին դատապարտյալներին ներկայացրել «Նոր մեկնարկ» կրթական ծրագիրը (ֆոտոշարք))

“Կրթվելը նորաձեւ է նաեւ բանտերում”

«Իմ քայլը» հիմնադրամի եւ «Կրթվելը նորաձեւ է» շարժման շրջանակներում մեկնարկում է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը։ Այս ծրագիրը ներկայացնելու նպատակով օգոստոսի 21-ին,  ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը եւ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ եւ հանդիպել կին դատապարտյալներին։

Աննա Հակոբյանը հանդես է եկել բացման խոսքով եւ ներկայացրել է կրթության եւ կիրթ հասարակության կարեւորությունը։ Աննա Հակոբյանը շեշտել է, որ կրթությունը շատ կարեւոր գործիք է, եւ անհատը որտեղ էլ որ լինի՝ պետք է ձգտի կրթության եւ ինքնակատարելագործման։

Սրբուհի Գալյանը, ողջունելով ներկաներին, շեշտել է պետության մշտական աջակցությունը քրեակատարողական հիմնարկներին եւ այս համատեքստում նաեւ դատապարտյալների կրթության ու նոր մասնագիտությունների ձեռք բերման կարեւորությունը։ Նախարարը նաեւ հատուկ շնորհակալություն է հայտնել Վարչապետի տիկնոջը՝ դատապարտյալների կրթական խնդիրներով մտահոգվելու եւ դրանց լուծման ուղղությամբ կատարված աշխատանքների համար։

Միջոցառման շրջանակներում «Կրթվելը նորաձեւ է» ծրագրի ղեկավարը դատապարտյալներին մանրամասն ներկայացրել է «Նոր մեկնարկ» կրթաթոշակային ծրագիրը՝ դիմելու ընթացակարգը, տաիրքային սահմանափակումը, ուսման վարձի կարգավորման հարցերը եւ այլն։

Այնուհետեւ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի տղամարդ դատապարտյալները հանդես են եկել բանախոսություններով՝ ներկայացնելով իրենց ՔԿՀ-ում կրթական միջոցառումներն ու կատարված աշխատանքները։

Միջոցառման ավարտին դատապարտյալները, հարց-պատասխան ձեւաչափով, իրենց հուզող կրթական հարցերն են ուղղել առաջին տիկնոջն ու նախարարին, ստացել կրթությունը շարունակելու կամ նոր հմտություններ ձեռք բերելու առաջարկներ։

Հ․Գ․ Հիշեցնենք, որ 2024թ․ դեկտեմբերին «Հանուն Ազատության» հրավերով Աննա Հակոբյանն այցելեց «Աբովյան» ՔԿՀ՝ մասնակցելու Ամանորի համերգին։ Այդ օրն էլ նա խոստացավ, որ կրկին կայցելի քրեակատարողական հիմնարկ՝ կրթական ծրագրերով։




Թողնել մեկնաբանություն