“Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որ բանտերում առողջապահական գործառույթներն առողջապահության նախարարության ենթակայությամբ են”
«Եվրասիական շարժում՝ հանուն բանտերում առողջության իրավունքի» միջազգային կազմակերպությունը նոյեմբերի 19-20-ը Երեւանում նախաձեռնել էր «Քրեակատարողական բժշկության համակարգի բարեփոխման հեռանկարները Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում» խորագրով աշխատարանը։ Հայաստանի, Ղազախստանի, Մոլդովայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները քննարկեցին քրեակատարողական ոլորտի առողջապահական բարեփոխումների մարտահրավերներն ու ձեռքբերումը։
Հայաստանում՝ աշխատարանին մասնակցելու հրավեր էր ստացել միայն «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն։
Օրակարագում՝ մեր երկրի փորձի ուսումնասիրումն էր, քանի որ Հայաստանը տարածաշրջանում առաջին երկիրն է, որտեղ կալանավայրերում առողջապահական գործառույթները արդարադատության նախարարությունից փոխանցվեցին առողջապահության նախարարությանը։ Նախարարության ենթակայությամբ գործող «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը մանրամասն ներկայացրեց ոլորտի փոփոխությունները, առկա խնդիրները։ Կ․ Մանուկյանն ու ՊՈԱԿ-ի այլ պատասխանատու աշխատակիցները պատասխանեցին հետաքրքրող բոլոր հարցերին։
Հարկ է նշել, որ Հայաստանի փորձը կարեւոր հենակետ է դարձել այլ երկրների գործընկերների համար։Աշխատարանի 2-րդ օրը մասնակիցներն այցելեցին «Արմավիր» ՔԿՀ՝ գործնականում ծանոթանալով կատարված փոփոխություններին։
«Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին արժեքավոր գաղափարների եւ կառուցողական քննարկումների համար։ Մենք հավատում ենք, որ համատեղ ջանքերը կհանգեցնեն զգալի բարելավումների»,-կարդում ենք «Եվրասիական շարժում՝ հանուն բանտերում առողջության իրավունքի» կազմակերպության ֆեյսբուքյան էջում։
Նշենք, որ աշխատարանն իրականացավ «Ռոբերտ Կարի հիմնադրամի» աջակցությամբ։
Թողնել մեկնաբանություն