2026թ․-ի նորամուտը Գորիսում՝ պատվավոր հյուրերի մասնակցությամբ (լուսանկարներ)

“Հանդիսության պատվավոր հյուրերն էին Սյունիքի մարզպետի օգնական Սերգեյ Մաշուրյանն ու Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը”

Հին տոմարով՝ նոր տարին  պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձինք ու նախկին դատապարտյալները նշեցին Գորիսի «Լարա» ռեստորանում։ Տարվա ընթացքում բազմաթիվ կրթա-մշակութային վերասոցիալականացման տարբեր ծրագրեր իրականացնելուց հետո «Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ի թիմն որոշեց ոճը փոխել ու բաժակները իրար զարկելով, երգ-պարով ճանապարհել 2025թ-ն ու նշել արդեն իր իրավունքների մեջ մտած 2026թ․-ի նորամուտը։ 

Սյունիքի մարզպետի օգնական Սերգեյ Մաշուրյանը մարզպետ Ռոբերտ Ղուկասյանի անունից շնորհավորելով   բոլորին՝  համախմբվածություն ու միասնություն է մաղթեց։ Նա պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնում հաշվառված անձանց առաջարկեց  բարձրաձայնել  սպասելիքները 2026թ-ից․ ի՞նչ կուզեին փոխել նրանք։ Երիտասարդները շատ ցանկություններ ունեն․ տնտեսությամբ ուժեղ երկիր, հզոր բանակ, կրթական ծրագրերում մասնակցություն, իսկ ամենակարեւորը՝ խաղաղություն։ Հավաքվածներից շատերն են մասնակցել 44-օրյա պատերազմին, մի քանիսը՝ վիրավորում են ստացել, մեկն էլ ռազմագերի է եղել՝ 54 օր մնալով Բաքվի բանտում։

Սերգեյ Մաշուրյանը, ինչպես նաեւ Գորիսի պետական համալսարանի ռեկտոր Տիգրան Վանդունցը եւ պրոբացիայի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանը ծրագրի մասնակիցների հետ կիսվեցին իրենց փորձով։

Սյունիքի մարզպետի աշխատակազմի կողմից ծրագրի մասնակիցները նաեւ նվերներ ստացան, իսկ անցած տարի  իրականացված տարբեր ծրագրերի  ակտիվ մասնակիցները «Հանուն Ազատության» կողմից հավաստագրեր ու շնորհակալագրեր ստացան։ Միջոցառումը քանի որ կրթա-մշակութային բաղադրիչ ուներ, ու հետեւելով «Իմ քայլը» հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանի՝  մեկ գիրք՝ մեկ ամսում  ընթերցելու կոչին, ծրագրի մասնակիցները  գրքեր ստացան նվեր։

Հատուկ շնորհակալագրի արժանացավ գորիսեցի երաժիշտ, «Henos drums Studio»-ի հիմնադիր Հենրիկ Տեր-Ստեփանյանը՝ կազմակերպության միջոցառումներին մշտապես աջակցելու համար։

Շնորհակալ ենք նաեւ մեր աջակիցներին՝ Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին, կապանցի գործարար Էդգար Հակոբյանին ու Սիսիանի «Գրին Ռոդ» ընկերության տնօրեն Հրայր Գաբրիելյանին։

Նշենք, որ մեր հովանավորների աջակցությամբ տարեմուտի համերգ էր կազմակերպել «Գորիս» քրեակատարողական հիմնարկում։

Շնորհակալ ենք նաեւ ՀՀ պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմնի պետ Անդրեյ Գրիգորյանին, բոլոր աշխատակիցներին՝ միշտ մեր կողքին լինելու ու ծրագրերին աջակցելու համար։

 

Լուսանկարները հրապարկվում են ծրագրի մասնակիցների համաձայնությամբ




Թողնել մեկնաբանություն