Ի՞նչպես են քվեարկելու տնային կալանքում գտնվող անձինք․ «Հանուն Ազատության» հարցադրումը ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին

“Հայաստանում տնային կալանքի ինստիտուտը սկսել է գործել վերջերս”

  • All Works

«ՀՀ Ընտրական օրենսգրք»-ի համաձայն, համապետական ընտրությունների ժամանակ (Ագգային ժողովի ընտրություն, Հանրաքվե)  քվեարկելու իրավունք ունեն նաեւ Հայաստանի  քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Մասնավորապես,  ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք եւ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալները։ Քվեարկելու իրավունք ունեն նաեւ ձերբակալված անձանց պահելու վայրերում գտնվող ձերբակալված անձինք։

Սակայն դեռ կարգավորված չէ տնային կալանքում գտնվող անձանց քվեարկության կարգը, քանի որ Հայաստանում տնային կալանքի ինստիտուտը սկսել է գործել վերջերս։ Տնային կալանքում գտնվող անձանց քվեարկելու կարգի մասին պարզաբանումների ստանալու համար «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն հարցում էր ուղարկել  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին։

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, նախ գրությամբ տեղեկացրել էր, որ հարցման մեջ նշված տեղեկությունը պարզելու համար անհրաժեշտ է լրացուցիչ քննարկումներ շահագրգիռ գերատեսչությունների հետ, ուստի պատասխանի համար լրացուցիչ ժամանակ է պետք։

Փետրվարի 19-ին ԿԸՀ-ից գրությամբ՝ պատասխանեցին, որ մեր հարցումը վերահասցեագրման կարգով ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ հիմք ընդունելով  «ՀՀ Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի կարգավորումը, ըստ որի ՀՀ ԿԸՀ-ն իրավասու է սահմանել քրեակատարողական հիմնարկներում  քվեարկությունը նախապատրաստելու, կազմակերպելու եւ անցկացնելու կարգը։ «Ձեր կողմից բարձրացված հարցերը չեն հանդիսանում նշված որոշմամբ սահմանված փոխհարաբերությունների առարկա»,- իր գրության մեջ նշել է ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ 

Հ․Գ․ Շնորհակալ ենք ՀՀ ԿԸՀ-ին մեր հարցադրմանն օպերատիվ արձագանքելու ու համագործակցության համար։




Թողնել մեկնաբանություն