“Հուշագրի ստորագրումը կնպաստի համագործակցության համակարգմանն ու ծրագրերի իրագործմանը ”
ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և «Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպության միջև ս.թ. օգոստոսի 19-ին ստորագրվել է համագործակցության հուշագիր։
Հուշագրի նպատակն է ապահովել կողմերի միջև համագործակցություն՝ քրեական արդարադատության ոլորտում, մասնավորապես՝ իրավախախտների հետ տարվող աշխատանքներում հասարակական նախաձեռնությունների սատարում, քրեակատարողական ու պրոբացիայի ծառայությունների մասնագիտական ներուժի զարգացում, ինչպես նաև տվյալ ոլորտում փոխգործակցության շարունակականություն։
Հուշագրի շրջանակում նախատեսվում է նաև քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների համար մասնագիտական վերապատրաստումների ու կադրերի պատրաստման համակարգի կատարելագործում, համատեղ գիտաժողողվների, սեմինարների վերապատրաստումների և գիտական հրապարակումների իրականացում, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախագծերի մշակում և իրականացում, դատապարտյալների ու կալանավորված անձանց և պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի կազմակերպում, դասընթացավարների մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելագործում, և մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող թեմաներով կարողությունների զարգացման միջոցառումների իրականացում։
Հանդիպման ընթացքում Կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը իր խոսքում ընդգծել է, որ հուշագրի ստորագրումը նախատեսված է համագործակցության համակարգման և ծրագրի իրագործման համար։
ՀԿ նախագահ Իրինա Մանուկյանը նշել է, որ փաստաթուղթը հնարավորություն է տալիս պետական ու հասարակական կառույցներին համատեղ իրականացնել ծրագրեր վերասոցիալականացման ու իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ։
Հուշագիրը ստորագրվել է 3 տարվա ժամկետով՝ երկարաձգման հնարավորությամբ։
Աղբյուրը՝ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջ
Թողնել մեկնաբանություն