44-օրյա պատերազմի վավերագրությունը՝ «Կամավորի օրագիրը» քրեակատարողական հիմնարկում (ֆոտոշարք, տեսանյութ)

“«Հանուն Ազատության» իրավական ՀԿ-ն սկսում է շարք, որտեղ ներկայացվելու են նախորդ հաշվետու տարում իրականացված բացառիկ միջոցառումները։ Ինչո՞ւ ենք 2024թ-ն  ամփոփում հիմա՝ կհարցնի ընթերցողը։ STRIVE ծրագրի շրջանակում հնարավորություն ունեցանք վերանայելու կազմակերպության ռազմավարությունը, մշակեցինք 2025-2029թթ․ Ռազմավարական ուղղությունները, որոնցից մեկն էլ կատարած աշխատանքի ներկայացումն է հանրությանը։ Ռազմավարությանը դեռ կանդրադառնանք, իսկ հիմա շարքի առաջին նյութը։”

Երբ զանգահարեցինք «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակ, 44 օրյա պատերազմի մասնակից Մկրտիչ Ճրագ Գեւորգյանին ու առաջարկեցինք  գրքի շնորհանդեսն անել քրեակատարողական հիմնարկում, նախ՝ զարմացավ, բայց միանգամից համաձայնվեց։ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պատիժ կրող անձանց հետ հանդիպումից  հետո Մկրտիչը խոստովանեց, որ կրկին զարմացավ։ Ընդհանրապես յուրաքանչուր հանդիպումից, համերիգից, որեւէ միջոցառումից առաջ Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը լարվում է։ «Պատիժ կրող անձանց հանդիպումից հետո ամեն ինչ փոխվեց։ Հիացած եմ այնտեղ գտնվող մարդկանց ինտելեկտով, զարգացվածության բարձր մակարդակով: Անկեղծ՝ նրանց հետաքրքրող հարցերն ավելի իմաստալից էին, քան որոշ հարցազրույցների ժամանակ ինձ տրված մշտական հարցերը»,-նշեց նա։

Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղում է ծնվել՝ սասունցիների ու մշեցիների ընտանիքում։ Հայրն ազատամարտիկ է, 11 տարեկան էր Մկրտիչը, երբ հայրը մահացավ։ Երեւանի թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինն է ավարտել, Սոս Սարգսյանի վերջին ուսանողներից մեկն է եղել։ Ազգային երգ ու պարով է զբաղվում, եղել է «Սասուն» ազգագրական երգ-պարի համույթի մենակատար։ Բանակում հրետանավոր է եղել, ու երբ սկսեց 44-օրյա պատերազմը, կամավոր մեկնեց Արցախ։ Գիրք գրելու մտահղացումը ծնվեց հենց պատերազմի դաշտում՝ որոշեց գրել․ որպեսզի մարդիկ ճանաչեին առաջնագծում պայքարող  կամավորների։ Նրանց բոլորին առանձին-առանձին անդրադարձել է։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում «Կամավորի օրագիրը» գրքի հեղինակի հետ հանդիպումը նախատեսված էր մեկ ժամանոց հանդիպումը մոտ երկուսուկես ժամ տեւեց։ Անազատության մեջ գտնվողների հարցերը շատ էին․ արդյո՞ք դժվար չէր այդ ամենը նորից վերապրել ու շարադրել, շարունակություն կունենա՞ Մկրտչի վավերագրությունը, նրա գրական կեղծանունը Ճրա՞գ է։ «Եղբորս անունը Հրագ է, երբ ես ծնվեցի, տատս ասաց՝ Հրագս կար, Ճրագս էլ ծնվեց»,-ասաց Մկրտիչը։

 


Մկրտիչ Ճրագ Գեւորգյանը իր մակագրությամբ «Կամավորի օրագիրը» գրքի օրինակներ նվիրեց անազատության մեջ գտնվող անձանց ու քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին։
«Ես կարեւորում եմ նման հանդիպումները, տարբեր քրեակատարողական հիմնարկներում գտնվող մարդիկ նույնպես իրավունք ունեն կրթվելու, զբաղվելու ընթերցանությամբ ու արվեստով, արհեստով»,-նշեց Մկրտիչը։

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ն նախատեսում է ընթացիկ տարի, նաեւ այլ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել «Կամավորի օրագիրը» գրքի քննարկումն, ու իհարկե, հանդիպում հեղինակի հետ։

«Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախաձեռնած միջոցառման գլխավոր աջակիցը  Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Բարեգործական հիմնադրամն է (տնօրեն Արմեն Ստեփանյան), աջակցել են նաեւ «Սյունիքի մարզի ներդրումների ու զարգացման հիմնադրամը» (մարզպետ Ռոբերտ Ղուկասյան), Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի «Պրինց» հոլդինգի տնօրեն Էդգար Հակոբյանն ու Սիսիանի «Գրին Ռոդ»-ի տնօրեն Հրայր Գաբրիելյանը։

«Արմավիր» ՔԿՀ-ում կայացած այս միջոցառմանը անդրադարձել  են Հանրային ռադիոյի «Ռադիոլուր» լրատվական ծրագիրը, Aravot.am կայքն ու Հանրային հեռուստաընկերության «Լուրեր» լրատվականը։



Թողնել մեկնաբանություն