Ի՞նչ է կատարվում «Նուբարաշեն»-ի բանտում․ դիտորդական խմբի ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը (ֆոտոշարք)

“ՀՀ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը՝ ՀՀ Արդարադատության նախարարի 2022թ-ի մայիսի 11-ի թիվ 227Ն հրամանի 64-րդ կետի համաձայն հրապարակում է ՀՐԱՏԱՊ հաշվետվությունը Նուբարաշեն ՔԿՀ կատարած այցելության վերաբերյալ”

 

2025 թ․ ապրիլի 4-ին ՀՀ քրեակատարողական հիմնարկներում եւ մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (Խումբ) անդամները այց են կատարել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ՝ 2025թ-ի ապրիլի 3-ին ՔԿՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ մամուլում հրապարակված նյութերի հետքերով։

Խմբի անդամները տեսակցել են ազատազրկված եւ հացադուլ հայտարարած անձանց, շրջել են 5-րդ մասնաշենքի /հարկի/ այն խցերով, որտեղ իրականացվել են հատուկ գործողությունները, ինչպես նաեւ զրուցել են հիմնարկի պետի հետ։

81-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդին 2025թ-ի ապրիլի 3-ին տեղափոխել էին այլ ՔԿՀ։ Խցակիցները Խմբի անդամներին հայտնել են, որ անհայտ պատճառներով իրենց խուց են մտել հիմնարկի աշխատակիցները, այնուհետեւ հատուկ ջոկատայինները՝ մոտ 30-40 անձ։ Ներս մտնելուց հետո հատուկ ջոկատայիններից մի քանիսը խցակից Դ․Մ․-ին եւ եւս մեկ ազատազրկվածի իջեցրել են ներքեւ, մեկին քաշքշել, որի արդյունքում նա մարմնական վնասվածքներ է ստացել՝ կապտտուկներ։

Դրանից հետո, ըստ ազատազրկված անձանց, իրականացվել է խուզարկություն, որի արդյունքում գույքի մեծ մասը վնասվել է հատուկ ջոկատայինների գործողություններից։

Խցակիցները տեղեկացրել են, որ մոտ մեկ շաբաթ առաջ տարբեր խցերի ազատազրկված անձինք սկսել են զբոսանքի ժամանակ հայրենասիրական եւ օտար լեզվով երգեր երգել։ Վարչակազմի կողմից պահանջ է ներկայացվել օտար երգեր չերգելու, որին ազատազրկված անձինք ենթարկվել են։

80-րդ խուց

Խցում այցի պահին գտնվում էր երկու ազատազրկված անձ, իսկ երրորդը հացադուլ էր հայտարարել եւ գտնվում էր հացադուլավորների խցում։ Խցում գտնվող ազատազրկված անձինք Խմբի անդամներին հայտնեցին, որ լսել են հարեւան խցից ձայներ, որից հասկացել են, որ բռնություն է գործադրվում։ Փորձել են հասկանալ, թե ինչ է կատարվում եւ այդ պատճառով ձայն են տվել վարչակազմին, ինչպես նաեւ դռներին հարվածել (ոչ ուժեղ)։ Սակայն հատուկ ջոկատայինները՝ 10-ից ավելի անձ, ներս են խուժել խուց, իրենց պառկեցրել գետնին եւ ծեծի ենթարկել։

Արդյունքում, ազատազրկված անձինք ստացել են մարմնական վնասվածքներ։ Ազատությունից զրկված անձինք պնդում են, որ խցում ոչինչ չեն այրել, դա կեղծ տեղեկատվություն է։

Խցում իրերի մեծ մասը ջարդված վիճակում էին եւ ըստ խցի բնակիչների , այդ ամենը իրականացվել է հատուկ ջոկատայինների կողմից։

Ծեծը այնքան դաժան է եղել, որ ընթացքում վարչակազմի աշխատակիցներից մեկը օգնել է իրենց, որպեսզի բռնությունը չշարունակվի, կանխելով եւ փակելով ազատազրկվածին իր մարմնով։

Խցակիցները մեկը՝ Վ․Հ․-ը, 2025թ-ի ապրիլի 3-ին, որպես բողոքի նշան հայտարարել է հացադուլ։

Պետք է նշել, որ ըստ 80-րդ խցի ազատազրկված անձանց, իրենք ոչ մի քրեական ենթամշակույթի չեն պատկանում։ Վերջիններս հասարակ աշխատողներ էին եւ, ավելին, նրանց սենյակում կային փայտե իրեր, որով պատրաստում էին փայտե առարկաներ, որոնք նույնպես ջարդվել եւ քանդվել էին հատուկ ջոկատայինների կողմից, ըստ իրենց ներկայացրածի։


Հացադուլ

Խմբի անդամները տեսակցել եւ զրույց են ունեցել նաեւ հացադուլ հայտարարած եւ հացադուլավորների խուց տեղափոխված Վ․Հ․-ի հետ։

Վ․Հ․-ը Խմբին հայտնել է, որ հատուկ ջոկատայինները՝ մոտ 10 անձ, իրենց խուց են մտել այն բանից հետո, երբ նրանք տեւական ժամանակ բժիշկ են կանչել, իրենց խցակցի ինքնազգացողության վատթարացման պատճառով։

Անձը ֆիզիկական ուժի կիրառման արդյունքում ստացել էր մարմնական վնասվածք՝ գլխի շրջանում։ Որպես բողոոքի նշան վերջինս հայտնել է, որ կատարել է ինքնավնասում՝ ձախ ձեռքի հատվածում։

Խմբի անդամները տեսակցել եւ զրուցել են նաեւ հացադուլ հայտարարած այլ անձանց հետ։

Հացադուլ է հայտարարել 5 անձ, որից 2-ի՝ Ա․Մ․ եւ Ն․Խ․ պահանջը խցակից Հ․Ս․-ի տեղափոխությունն է։

Հ․Ս․-ը Նուբարաշեն ՔԿՀ է տեղափոխվել «Արմավիր ՔԿՀ-ից»։ Սկզբնական շրջանում անձը գտնվել է այլ խցում, սակայն հետագայում եւ անհրաժեշտությամբ պայմանավորված անձին տեղափոխել են 6-րդ մասնաշենքի 2-րդ խուց։

Հացադուլ հայտարարած երկու անձինք նշեցին, որ տվյալ անձի հետ չեն կարող մնալ մի խցում ելնելով այդ անձի պահվածքից։

Անձի կողմից վատ վարքագիծը հաստատվեց նաեւ հիմնարկի պետի կողմից։

 

Ազատազրկված/հացադուլավոր Ն․Խ․-ը հայտնել է, որ որոշ ժամանակ առաջ, որպես բողոքի նշան բերանն է կարել, որից հետո հիմնարկի կողմից հավաստում է ստացել, որ իրեն կտեղափոխեն այլ խուց, որը սակայն չի կատարվել։ Այս անգամ անձը ստիպված ասեղ է կուլ տվել եւ հացադուլ հայտարարել։

Խմբի անդամները խնդիրները քննարկել են նաեւ հիմնարկի պետի հետ։ Վերջինս, ի սկզբանե հաստատել է, որ ֆիզիկական ուժի կիրառում եղել է՝ համաչափ, ինչպես նաեւ տեղեկացրել է, որ խուզարկության արդյունքում ոչ մի արգելված նյութ կամ իր չի հայտնաբերվել։

 

Խումբն արձանագրել է նաեւ այլ խնդիրներ․

- Տեսակցած բոլոր ազատազրկված անձինք դժգոհություններ են հայտնել սննդի որակից։

- Խմբի անդամները հանդիպում են ունեցել նաեւ ազատազրկված անձանց հետ, որոնց խնդիրները առնչվել են բժշկական օգնությանը եւ սպասարկմանը, որի վերաբերյալ գրությունները կհասցեագրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը։

- Հիմնարկի հեռախոսային խցիկների հատվածում բացակայում էր Խմբի թեժ գծի հեռախոսահամարը։ Այս խնդիրը առկա է եղել այլ ՔԿՀ-ներում եւս, որոնց վերաբերյալ Խումբը իր գրություններում ներառել է եւ խնդրել բոլոր հիմնարկներում հանձնարարել ապահովել այդ տեղեկատվությամբ։

-Խմբի անդամները նաեւ արձանագրել են հիմնարկում օդափոխության խնդիրը, անմարդկային վիճակը, ստանդարտներին չհամապատասխանող ՔԿՀ խցերը եւ խցերում առկա գույքը։

- Առավել մտահոգիչ է հացադուլավորների համար նախատեսված խցի եւ դեպի խուց տանող միջանցքի վիճակը, հիմնարկի էլեկտրական լարերը գտնվում են վատ վիճակում եւ դրանք չեն համապատասխանում հակահրդեհային կանոններին։

Հացադուլավորների համար նախատեսված խցում պատուհանից այն կողմ պատ է, որը խաթարում է բնական օդափոխությունը, մահճակալները հնամաշ եւ կոտրված են, բացակայում են նորմալ անկողինները, խուցը, առհասարակ գտնվում է ոչ բարվոք վիճակում, չվերանորոգված։

Ելնելով վերոգրյալից՝ Դիտորդական խումբը, համաձայն խմբի գործունեության կարգի, հրատապ հաշվետվությունը ուղարկել է ՀՀ ԱՆ եւ ՀՀ ԱՆ ՔԿԾ, սակայն սահմանված 3-օրյա ժամկետում չի ստացել վերջիններիս հղված հարցադրումների պատասխանները։

Մանրամասներն այստեղ։

 

Հիշեցնենք, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում  տեղի ունեցածը քրեակատարողական ծառայությունը որակել էր անհնազանդության ցույց։  Ըստ պաշտոնական հաղորդագրության, դատապարտյալներից մեկը, նպատակ ունենալով ձեռք բերել առավելություններ այլ ազատազրկված անձանց նկատմամբ, տևական ժամանակ է՝ խաթարում է հիմնարկի բնականոն աշխատանքը, պարբերաբար ներկայացնում է անօրինական պահանջներ և հրահրում այլ ազատազրկված անձանց նույնպես ներկայացնել նման անօրինական պահանջներ։

«Քրեակատարողական ծառայությունը, քննելով վերոգրյալ տեղեկությունները, քրեական ենթամշակույթի և այլ անօրինականության դեմ պայքարի շրջանակներում որոշում է կայացրել անօրինականություններ ու պառակտում հրահրող դատապարտյալին տեղափոխել այլ քրեակատարողական հիմնարկ։ Հաջակցություն վերջինիս՝ որոշ կալանավորված անձինք և ցմահ դատապարտյալներ դրսևորել են անհնազանդություն, վնասել են խցերի գույքը, այրել ներքնակները, հարվածել դռներին և այլն։

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն օրենքով սահմանված կարգով բազմիցս պահանջել են դադարեցնել անհնազանդությունը, սակայն պահանջները չեն կատարվել։

Հետևաբար Ծառայության հատուկ նշանակության բաժնի ծառայողները «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողների հետ համատեղ  ձեռնարկել են հատուկ միջոցառումներ ազատազրկված անձանց կողմից ներքին կանոնակարգի խախտումները վերացնելու ուղղությամբ։ Ֆիզիկական ուժի գործադրմամբ վերջիններս դուրս են բերվել խցերից, իսկ խցերում իրականացվել են խուզարկություններ»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

 

 



Թողնել մեկնաբանություն