“«ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այլ կյանքի շարունակություն» ծրագրի ուսումնական մոդուլը ներկայացվել է «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն»՝ եզրակացություն տալու համար”
«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունը, «Եվրասիական շարժում՝ հանուն բանտերում առողջության իրավունքի» միջազգային կազմակերպության աջակցությամբ Հայաստանի քրեակատարողական 4 հիմնարկում նախատեսում է անցկացնել «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այլ կյանքի շարունակություն» դրամաշնորհային ծրագիրը։ Ծրագրի շրջանակում կկազմակերպվեն դասընթաց-վարժանքներ՝ բարձացնելով պատիժ կրող անձանց ու ՔԿՀ-ների աշխատակիցների իրազեկվածությունը ՄԻԱՎ-ի վերաբերյալ, նպաստելով առողջապահական ծրագրերի հասանելիությանը, ինչպես նաեւ վերացնել խարանի եւ խտրականության դրսեւորումները ՄԻԱՎ-ով ապրող անձանց հանդեպ։
Դասընթաց-վարժանքի ուսումնական մոդուլը ներկայացվել է ՀՀ ԱՆ «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ին՝ համապատասխան եզրակացություն տալու համար։ Օրերս ՊՈԱԿ-ի ու «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվեց ուսումնական մոդուլը։
Հանդիպման հիմնական նպատակն էր համապատասխան ոլորտի փորձագետի օգնությամբ համատեղ գնահատել մոդուլի բովանդակությունը, նպատակները եւ կիրառման հնարավորությունները քրեակատարողական հիմնարկներում։ Կազմակերպությունների ներկայացուցիչները քննարկել են, թե ինչպես կարելի է մոդուլի միջոցով բարձրացնել դատապարտյալների եւ ՔԿՀ աշխատակիցների իրազեկվածությունը թեմայի հանդեպ։
Քննարկմանը՝ առանձնահատուկ ուշադրության է դարձվել ՝ ուսումնական մոդուլի թեմատիկ բաժիններին՝ ՄԻԱՎ-ի վերաբերյալ ընդհանուր տեղեկատվության, կանխարգելման միջոցառումներին, բուժման ժամանակակից մեթոդներին,դատապարտյալների եւ ՔԿՀ աշխատակիցների կրթական գործընթացում ոչ ֆորմալ մեթոդների կիրառմանը, դասընթացի գնահատման ձեւաչափերին եւ հետադարձ կապի ապահովմանը։
«Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչը նշել է, որ մոդուլի գործնական կիրառման մանրամասները լրացուցիչ կհստակեցվեն գրավոր ձեւաչափով՝ ուղղված քրեակատարողական հիմնարկներին եւս։
Բացի նշված մոդուլի քննարկումից, հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ մի շարք այլ բովանդակային հարցերի, այդ թվում՝ համագործակցության ընդլայնման հնարավորություններին, դատապարտյալների սոցիալական վերաինտեգրման ծրագրերին, ինչպես նաեւ ՔԿՀ աշխատակիցների մասնագիտական կարողությունների զարգացման եւ վերապատրաստման նոր ուղղություններին։
Հանդիպման ավարտին աշխատանքային հանդիպման մասնակիցները վերահաստատեցին իրենց պատրաստակամությունը խորացնելու համագործակցությունը եւ համատեղ իրականացնել այնպիսի նախաձեռնություններ, որոնք ուղղված են ոչ միայն դատապարտյալների առողջապահական եւ կրթական կարիքներին, այլեւ քրեակատարողական համակարգում մարդու իրավունքների պաշտպանության մակարդակի բարձրացմանը։
Ի դեպ, հիշեցնենք՝ վերջերս «Իրավական կրթության եւ վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի եւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի միջեւ ստորագրվեց համագործակցության հուշագիր։
Թողնել մեկնաբանություն