“ՀՀ արդարադատության նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ”
Արդարադատության նախարարի տեղակալ Լեւոն Բալյանը ողջույնի խոսքով է հանդես եկել ապահովության, անվտանգության եւ սոցիալական վերաինտեգրման սկզբունքներին համապատասխան պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի վերանայման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին հանդիպմանը: Նախարարի տեղակալը ներկայացրել է աշխատանքային խմբի ստեղծման նպատակները եւ խնդիրները, մասնավորապես` հրամանով նախատեսված եռամսյա ժամկետում համակարգի բարեփոխման տեսլականը եւ դրա իրականացման գործուղությունների ճանապարհային քարտեզ ունենալու եւ արդարադատության նախարարին ներկայացնելու անհրաժեշտությունը: Աշխատանքային խմբի մասնակիցները քննարկել եւ ներկայացրել են առաջարկներ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի արդի խնդիրների վերաբերյալ, մասնավորապես՝ քրեակատարողական եւ պրոբացիայի ծառայությունների համապատասխան զեկույցների կազման կարգի փոփոխության, դատապարտյալի կողմից նոր հանցանք կատարելու հավանականությունը գնահատելու հանգամանքների վերանայման, պայմանական վաղաժամկետ ազատման գործիքակազմի կիրառման եւ բալային համակարգի վերանայման, դատապարտյալների զբաղվածության հարցերի կարգավորման եւ պրոբացիայի ծառայությանն ավելի լայն լիազորություններով օժտելու անհրաժեշտության վերաբերյալ: Լեւոն Բալյանն ամփոփելով հանդիպումն ընդգծել է, որ Հայաստանում պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի զարգացումը՝ գործող համակարգի փոփոխության եւ տեղական կարիքների գնահատման արդյունքում, հնարավոր կլինի նոր առաջարկների մշակման միջոցով:
Աշխատանքային խմբի կազմում ընդգրկվել է նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ փոխնախագահ Արմեն Դավթյանը։
Թողնել մեկնաբանություն