“Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ այլ եվրոպական երկրների դեսպանների այցի օրը՝ Կապանի «Մետաքսե հնչյուն» տպագրատուն, «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն նախաձեռնել էր գրքերի հավաքագրում՝ «Գորիս» ՔԿՀ-ի գրադարանին նվիրելու համար”
«Հանուն ազատության» իրավական հասարակական կազմակերպության ներկայացուցիչները օրերս «Գորիս» քրեակատարողական հիմնարկում էին։ Այստեղ բացվել է ամբողջությամբ վերանորոգված, կահավորված գրադարանը։
Այդ առիթով «Գորիս» ՔԿՀ էր այցելել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադեւոսյանը, ՔԿԾ-ի պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Սահակ Գրիգորյանը, կենտրոնական մարմնի մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ, «Իրավական կրթության եւ վերակագնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գեւորգ Սիմոնյանը, ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալն ու այլ ներկայացուցիչներ։
ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված «Շինարարական հմտություններ» ուսումնական ծրագրի շրջանակներում «Գորիս» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներն իրականացրել են գրադարանի վերանորոգման աշխատանքները։ Գրադարանի կահավորումն ապահովել են «Սեւան» քրեակատարողական հիմնարկի փայտամշակման արտադրամասում աշխատող դատապարտյալները՝ պատրաստելով անհրաժեշտ գույքը։ Իսկ նոր գրականությամբ գրադարանը համալրվեց «Հանուն ազատության» ԻՀԿ-ի նվիրատվությամբ։
Նշենք, որ ժամանակակից, ճանաչողական, տեղեկատվական եւ գեղարվեստական գրականությունը հնարավոր դարձավ հետաքրքիր մի նախաձեռնության արդյունքում։
Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսի եւ այլ եվրոպական երկրների դեսպանների այցի օրը՝ Կապանի «Մետաքսե հնչյուն» տպագրատուն, «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն նախաձեռնել էր գրքերի հավաքագրում՝ «Գորիս» ՔԿՀ-ի գրադարանին նվիրելու համար։ Նախաձեռնությունը շարունակվում է, ու բոլոր ցանկացողները կարող են գրքեր նվիրաբերել գրադարանին։
Թողնել մեկնաբանություն