“Իրազեկման աշխատարան-դասընթացներ կազմակերպվեցին նաեւ «Արմավիր», «Սեւան», «Արթիկ» ՔԿՀ-ներում”
«ՄԻԱՎ-ով ապրող մարդու հետ պատիժ կկրե՞ք նույն խցում կամ կացարանում»՝ հարցրինք «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց (այստեղ պատիժ են կրում կանայք ու անչափահասները)։
Կանայք միանգամից հերքեցին՝ ձեւակերպելով`«նման վարակիչ հիվանդ անձանց հետ չեն մնա»։ Լսելով նրանց պատասխանը քրեակատարողական հիմնարկի աշխատակիցը փորձեց միջամտել՝ բարձրաձայնելով մեկ կնոջ անուն, որն արդեն ազատության մեջ է։
«Ո՞նց, ինքը ՄԻԱՎ էր, ինքը ՍՊԻԴ էր, հա՝ նրա հետ ապրում էինք, երեխային պահում էինք, ինքը լավն էր, դե ՍՊԻԴ-ը տենց սովորական չի փոխանցվում»,-պատասխանեցին դատապարտյալ կանայք։
Հայաստանում իրականացված տարբեր ուսումնասիրությունները պարզել են, որ ՄԻԱՎ-ի վերաբերյալ բնակչության մեծ մասի շրջանում իրազեկվածության մակարդակը դեռ ցածր է։ Իրազեկվածության բարձրացման նպատակով, ինչպես նաեւ փոխելով հասարակության խտրական վերաբերմունքը՝ ՄԻԱՎ-ով ապրող մարդկանց հանդեպ, «Եվրասիական շարժում հանուն բանտերում առողջության իրավունքի» միջազգային կազմակերպության դրամաշնորհով «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն Հայաստանի 4 քրեակատարողական հիմնարկում իրականացրեց «ՄԻԱՎ-ը դատավճիռ չէ, այլ կյանքի շարունակություն» ծրագիրը։
Ինտերակտիվ դասընթաց-աշխատարանի ընթացքում պատիժ կրող կանանց ու «Աբովյան» ՔԿՀ-ի ծառայողներին՝ «Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ի փորձագետ Սարգիս Ավետիսյանը ներկայացրեց ի՞նչ է ՄԻԱՎ-ն ու ՁԻԱՀ-ը, ինչպես է փոխանցվում, արդյո՞ք բուժվում է ՄԻԱՎ-ը, ներկայացրեց հետկոնտակատային կանխարգելումը, ինչպես նաեւ անդրադարձավ ՄԻԱՎ-ի հակազդման ուղղությամբ կատարվող ազգային ու միջազգային ծրագրերին։
Չնայած դասընթաց-աշխատարանը նախատեսված էր 80 րոպե, բայց մասնակիցների հարցերը այնքան շատ էին, որ հանդիպումը տեւեց ավելի երկար։ Մասնակիցներին տրվեցին նաեւ տեղեկատվական նյութեր։
Նշենք, որ ծրագիրը իրականացվում է Ռոբերտ Քարրի հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Իրազեկման աշխատարան-դասընթացներ կազմակերպվեցին նաեւ «Արմավիր», «Սեւան», «Արթիկ» ՔԿՀ-ներում։
Լուսանկարները հրապարակվում են պատիժ կրող կանանց համաձայնությամբ։
Թողնել մեկնաբանություն