“Հովհաննես Սաֆարյանն արդեն երկուսուկես տարի անազատության մեջ է։ ”
Հովհաննես Սաֆարյանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման եւ արդեն երկու տարի 6ամիս է, ինչ պատիժ է կրում »Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ Անազատությո՞ւնը թե՞ կալանավորումից հետո Հովհաննեսին ճակատագրի կողմից հասցված դաժան հարվածները՝ նրան պարտադրեցին թղթին հանձնել մտքի անհուն թռիչքները՝ դժվարանում է պատասխանել։ «Գուցե տաղանդ կա՞ր մեջս, ուղղակի մուսաս անազատությանս մեջ հյուր եկավ ինձ»,-ասում է Հովհաննեսը։ Նրա հետ հարցազրույցը կհրապարակենք առաջիկայում, իսկ հիմա ներկայացնում ենք նրա ստեղծագործություններից մեկը։
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՊԱ֊Պ...
Գիշերվա ժամը 2-ն է. աչքերս փակ՝ կյանքի լարած ոռոգայթներից դուրս պրծնելու ելքեր եմ փնտրում։ Չգիտեմ՝ աչքս կպա՞վ թե մտքերով շատ էի հեռու գնացել, թվաց՝ հեռախոսս արդեն մի դար` անվերջ զանգում է։ Վեր եմ թռչում մղձավանջից՝ բարձի տակից հանում հեռախոսը եւ այն կողմից լսում փոքրիկիս ձայնը։ Աղջի՛կս, ի՛մ հրեշտակը, ի՛մ հպարտությունը։
Լուռ եմ, կարծես պապանձվել եմ՝ շուրթերս դողում են, լեզուս՝ քարացել։ Մարիամս է։
-Պա՜։ Պապո՜ւկ, պապա՜ս, - ասում է նա՝ քնաթաթախ, փոքր-ինչ շփոթ ձայնով։
-Ի՞նչ կա, բալես, ի՞նչ է պատահել, լսում եմ,բ ալե՛ս,-կոկորդում խեղդելով արցունքներս՝ կարծես նոր ստեղծելով բառերը՝ հարցնում եմ ես։
-Պա՛պ , ես սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ եմ սիրո՜ւմ...
-Ես՝ ավելի՜ ուժեղ․․․
- Ես քեզ աշխարհի՜ չափ, բալե՛ս․․․
-Իսկ ես քեզ մոլորակի չափ, պապու՜՜կս....
Ու միանգամից՝ քար-լռություն, քնում էր...
Մինչեւ հիմա նրա խոսքերը դեռ կախված են գիշերվա սառը օդի մեջ։ Եթե հնարավոր լիներ՝ գեթ մի ակնթարթ դիպչեի նրան, գրկեի մի պահ նրան, համբուրեի եւ լսեի՝ օդի մեջ սարսռող ձայնը՝ ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ՊԱՊ․․․
Նրա քաղցր ու տաք ժպիտն հպվում է սրտիս, հոգուս և ես վախենում եմ շնչել՝ որ հիշողություններն չանէանան։
Աչքերս եմ փակում ու պատկերացնում ապագան․ Մարիամս կմեծանա մի օր․եւ ոչ միայն ինքը, այլ բոլորն օրիորդ կդառնան, ու կգա այն օրը, որ ես մենակ կմնամ՝ ինքս ինձ հետ։
Սա՝ ապագայում, այսօր ես ապրում եմ ՆՐԱՆՑ համար։
Հոգնում եմ, ուժերս կարծես էլ չեն բավականացնում, բայց ՆՐԱՆՔ ինձ են սիրում, ես՝ ՆՐԱՆՑ․․․Ապրե՛լ է պետք, դիմանա՛լ է պետք․․․
ԵՍ ՔԵԶ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՊԱ֊Պ...