“Ծրագրում ընդգրկված է 7 ՔԿՀ”
Մոլդովայի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում իրականացվելու է «Լինենք տեղեկացված» ծրագիրը։ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանն ու ծրագրի համակարգող Արմեն Դավթյանը օրերս ծրագրի մանրամասները ներկայացրեցին ՀՀ արդարադատության փոխնախարար Լեւոն Բալյանին։
Իսկ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Մակյանի ու կենտրոնի պատասխանատու աշխատակիցների հետ հանդիպմանը մանրամասնորեն քննարկվեց ծրագրի նպատակը, նրանց ներկայացվեց նաև ծրագրի շրջանակում տպագրված ուղեցույցը։ «Լինենք տեղեկացված» ծրագիրը նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 7 քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող 126 անձի իրազեկվածությունը Հայաստանի քրեակատարողական օրենսդրության վերաբերյալ։ Ծրագրում ընդգրկված շահառուներն իրենց ստացած գիտելիքները «հավասարը-հավասարին» սկզբունքով կփոխանցեն պատիժ կրող այլ անձանց։
Ի դեպ, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոնի» տնօրենի պաշտոնակատար Սյուզաննա Մակյանն ու «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի նախագահ Իրինա Մանուկյանը պայմանավորվեցին մոտ ապագայում համագործակցության հուշագիր ստորագրել։
Թողնել մեկնաբանություն