«Թեւ՝ թեւի» զարգացման կենտրոնը Տաթեւ համայնքում

“Պետություն-քաղաքացիական հասարակություն-համայնք կապ էլի ավելի ամրապնդվեց”

Տաթեւ համայնքի Շինուհայր բնակավայրում գործարկվել է «Թեւ թեւի» երեխաների ներառական զարգացման կենտրոնը, որը տրամադրում է սոցիալ-հոգեբանական եւ ոչ ֆորմալ կրթական աջակցություն համայնքի հինգ բնակավայրերի 6-18 տարեկան երեխաներին, ներառյալ՝ հատուկ կարիքներ ունեցող, տեղահանված եւ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին եւ նրանց ծնողներին:

Կենտրոնում երեխաներն ու նրանց ծնողները կարող են օգտվել ոչ ֆորմալ, սոցիալ-կրթական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-վերականգնողական ծառայություններից, ձեռք բերել նոր գիտելիքներ եւ հմտություններ։ Կենտրոնում աշխատում է մասնագիտացված թիմ՝ հոգեբան, սոցիալական աշխատող, լոգոպեդ, էրգոթերապեւտ եւ խմբակավարներ։

Տաթեւ համայնքում նմանատիպ ծառայությունների անհրաժեշտությունը վեր էր հանվել Սյունիքի մարզի իրավիճակային հետազոտության արդյունքում։ Կենտրոնի ստեղծումը նաեւ համայնքային սոցիալական պլանի բաղկացուցիչ մասն էր։

«Թեւ թեւի» կենտրոնը ստեղծվել է «Էկո-երիտասարդություն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ՝ «Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ի «Գործընկերություն հանուն Սյունիքի․ բարելավված համայնքային սոցիալական ծառայություններ» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից ու իրականացվում «Վիննեթ Գորիս» զարգացման հիմնադրամի ու «Հայկական Կարիտաս» ՀԿ-ի հետ գործընկերությամբ։

«Մարդը կարիքի մեջ» ՀԿ-ն իր համախոհ գործընկերների, ինչպես նաեւ պետական կառույցների հետ համագործակցությամբ, շարունակում է ներդնել եւ բարելավել համայնքահեն սոցիալական ծառայություններ Սյունիքի մարզում՝ նպաստելով պետություն-քաղաքացիական հասարակություն-համայնք ամուր համագործակցությանը։

Կենտրոնի հանդիսավոր բացմանը մասնակցեցին նաեւ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ներկայացուցիչները։




Թողնել մեկնաբանություն