Ո՞ր ժամերին են քվեարկելու քրեակատարողական հիմնարկներում

“Հայաստանի 9 քրեակատարողական հիմնարկներում գործող տեղամասային ընտրական հանձնաժողովները պատրաստ են կազմակերպելու ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրությունների քվեարկությունը”

  • All Works

«ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի համաձայն, համապետական ընտրությունների ժամանակ (Ագգային ժողովի ընտրություն, Հանրաքվե)  քվեարկելու իրավունք ունեն նաեւ Հայաստանի  քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձինք։ Մասնավորապես,  ՔԿՀ-ներում հաշվառված ընտրողների ցուցակում ընդգրկվում են քվեարկության օրը 18 տարին լրացած, ՀՀ  քաղաքացի հանդիսացող կալանավորված անձինք եւ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների համար դատապարտված եւ ազատազրկման ձեւով պատիժը կրող դատապարտյալները։ Ըստ այդմ, վաղը՝ հունիսի 7-ին կայանալիք Ազգայի ժողովի հերթական ընտրությունների քվեարկությանը կմասնակցեն նաեւ անազատության մեջ գտնվող ընտրելու իրավունք ունեցող անձինք։

Քրեակատարողական հիմնարկներում (ՔԿՀ) քվեարկությունը չի սկսվում առավոտյան ժամը 8-ից։ « ՀՀ ընտրական օրենսգրքի» 63-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿՀ-ներում քվեարկության սկիզբը սահմանում է  ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Ըստ այդմ, ՔԿՀ-ում  քվեարկությունն անցկացվում է ժամը 9.00-ից հետո` կախված ընտրողների թվից, սակայն այն հաշվարկով, որ քվեարկությունն ավարտված լինի ժամը 20.00-ին:

ԿԸՀ-ն ս/թ մայիսի 28-ին կայացած նիստում որոշում է ընդունել ՔԿՀ-ներում քվեարկությունը սկսելու մասին։ Այսպես, «Նուբարաշեն»  (ընտրական տեղամաս 10/56), «Արմավիր» (ընտրական տեղամաս 14/65) եւ «Սեւան» (ընտրական տեղամաս 26/41) քրեակատարողական հիմնարկներում քվեարկությունը մեկնարկելու է ժամը 11․00-ին։

Ժամը 12-ից սկսած ընտրելու հնարավորություն կունենան «Արթիկ» ՔԿՀ-ում (ընտրական տեղամաս 33/55) պատիժ կրող անձինք։

«Գորիս» (ընտրական տեղամաս 34/75) եւ «Աբովյան» (ընտրական տեղամաս 29/51) ՔԿՀ-ների ընտրելու իրավունք ունեցող անձինք կքվեարկեն ժամը 15․00-ից։ Նշենք, որ «Աբովյան» ՔԿՀ-ում պատիժ են կրում կանայք ու անչափահասները։

Ժամը 14․00-ին քվեարկությունը մեկնարկելու է «Վարդաշեն» (ընտրական տեղամաս 10/57) ու «Վանաձոր» (ընտրական տեղամաս 23/64) ՔԿՀ-ներում։ Իսկ «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում քվեարկության մեկնարկը ժամը 17․00-ից է։

Մեկ կարեւոր հանգամանք եւս․ բոլոր ՔԿՀ-ներում  տեղամասային ընտրական հանձնաժողովները քվեարկության արդյունքների ամփոփումն սկսում է ժամը 20.00-ին` անկախ ընտրողների թվից:

 




Թողնել մեկնաբանություն