“Իրազեկվածության նման հանդիպումները Սյունիքի տարբեր բնակավայրերում շարունակվելու են, որին կմասնակցեն սոցիալական այլ խմբեր, ինչպես նաեւ հասարակության այլ խավեր”
«Հանուն Ազատության» իրավական հասարակական կազմակերպությունն ու «Կրթվելը նորաձեւ է» շարժման Սյունիքի տեղական կոմիտեն (ներկայացուցիչ Սյունիքի մարզպետի տեղակալ Նարե Ղազարյան) Գորիսում հանդիպում էին նախաձեռնել ՀՀ արդարդատության նախարարության պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնում հաշվառված անձանց հետ։ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ի ծրագրերի համակարգող Արմեն Դավթյանը խոսելով «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնության կողմից իրականացվող 6 աջակից ծրագրերի մասին, մանրամասն ներկայացրեց «Նոր մեկնարկ, կրթաթոշակային ծրագիրը», որտեղ ներկա եւ նախկին դատապարտյալներն՝ այլ խոցելի խմբերի հետ ունեն առաջնահերթություն։
Ծրագիրը նպատակ ունի դեպի կրթություն վերադարձնել այն քաղաքացիներին, ովքեր տարբեր սոցիալական, ընտանեկան կամ անձնական պատճառներով առնվազն հինգ տարի ուսումնական դադար են ունեցել։ Սրանով ոչ միայն վերաիմաստավորում է կրթության արժեքը՝ այն դարձնելով ոչ միայն հնարավոր, այլեւ իրական ճանապարհ է ստեղծում 23 տարեկանից բարձր անձանց անձնական եւ մասնագիտական զարգացման համար։
Հանդիպմանը պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային բաժնի պետ Անդրեյ Գրիգորյանը կարեւորեց կրթության դերը, մասնակիցներին հորդորելով ժամանակ չկորցնելով դիմել կրթական այս ծրագրին։ Հանդիպման մասնակիցները նշեցին, որ տեղյակ չէին ծրագրից, մի քանիսն էլ հենց տեղում փորձեցին լրացնել հայտադիմումը։
Նշենք, որ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ն էր առաջարկել «Կրթվելը նորաձեւ է» նախաձեռնությանը՝ կրթական ծրագրերում առաջնահերթություն տալ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող անձանց ու նախկին դատապարտյալներին, քանի որ նրանք սովորելու ու վերամասնագիտանալու հնարավորություն չունեն։
Կազմակերպությունը շնորհակալ է Աննա Հակոբյանին՝ առաջարկը քննարկելու ու հաստատելու համար։
Իրազեկվածության նման հանդիպումները Սյունիքի տարբեր բնակավայրերում շարունակվելու են, որին կմասնակցեն սոցիալական այլ խմբեր, ինչպես նաեւ հասարակության այլ խավեր։
Հանդիպմանը աջակցել էր «Սյունիքի մարզի զարգացման ու ներդրման հիմնադրամը»։
Թողնել մեկնաբանություն