Հանրային քննարկում քրեակատարողական ծառայությունում

“Թեման պատժից պայմանական վաղաժամկետ ազատումն էր”

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում դեկտեմբերի 17-ին տեղի է ունեցել հանրային քննարկում դատապարտյալի՝ պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման նոր հայեցակարգով նախատեսված բալային համակարգի վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՔԿԾ կայքը։ 

Քննարկմանը մասնակցել են Քրեակատարողական ծառայության, Արդարադատության նախարարության, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտով հետաքրքրված, շահագրգիռ անձինք և իրավաբաններ։ «Հանուն Ազատության» ԻՀԿ-ից այս անգամ քննարկմանը մասնակցեց Իրինա Մանուկյանը։

Քրեակատարողական ծառայության սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ծովինար Թադևոսյանը մասնակիցներին հանգամանալից ներկայացրել է բալային համակարգի՝ փոփոխությունների ենթակա հիմնական ուղղությունները, մասնավորապես՝ դատապարտյալի ռիսկայնության գնահատման,  վերասոցիալականացման նոր չափորոշիչները:

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնելու նոր չափորոշիչների նախնական գործարկման վերաբերյալ» ՀՀ արդարադատության նախարարի հրամանը՝ Ծ. Թադևոսյանը մանրամասն ներկայացրել է նաև սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից 2024 թվականին իրականացված փորձնական միջոցառումների արդյունքներն ու առավելությունները:

Քննարկվել են մասնակիցների դեմ և կողմ կարծիքները, բալային նոր համակարգի վերաբերյալ հնչեցված հիմնավոր առաջարկություններն ու դիտարկումներն ընդունվել են ի գիտություն՝ խորքային խնդիրներին բազմակողմանի լուծումներ տալու հեռանկարով։

 

 

 

 

 




Թողնել մեկնաբանություն